Տնտեսություն

Գևորգ Պապոյանն ու Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքն անդրադարձել են իրանական Չաբահար նավահանգստում Հայաստանի մասնակցության հնարավորությանը

2 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանն ու Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքն անդրադարձել են իրանական Չաբահար նավահանգստում Հայաստանի մասնակցության հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Իրանում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, երկուստեք կարևորվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի խթանման կազմակերպության միջև մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ինչպես նաև Հայաստանում իրանական առևտրի կենտրոնի բացումը։ 

Նախարարը նշել է, որ Հայաստանն էլ իր հերթին է հետաքրքրված Իրանում առևտրի կենտրոն ունենալու հեռանկարով։

Անդրադարձ է կատարվել իրանական Չաբահար նավահանգստում Հայաստանի մասնակցության հնարավորությանը: 

Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է իրանական Չաբահար նավահանգստում գործունեություն ծավալելու նախագիծը, որը միտված կլինի Հայաստանից ապրանքների արտահանման և ներմուծման նոր ուղիների հաստատմանը։

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ անասնապահության, մեղվաբուծության, թռչնամսի արտադրության ոլորտները:

Կողմերն անդրադարձել են նաև ստանդարտացման, համապատասխանության գնահատման, չափագիտության, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում կողմերի միջև համագործակցության հեռանկարին՝ ոլորտում ունեցած փորձի փոխանակման և կողմերի համար ընդունելի համագործակցության ձևերի կիրառմամբ։ 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ենթակառուցվածքների շիանարարական նախագծերում, բիզնես ոլորտում գործակցության ընդլայնման վերաբերյալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում