Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտարարել է Լիբանանի մի շարք շրջաններին հասցրած նոր հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է Լիբանանի մի շարք շրջաններին հասցրած նոր հարվածների մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել մի շարք թիրախների Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ երկրի արևելքում գտնվող Բեքաայի հովտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

Ըստ Telegram-ում տարածված հայտարարության՝ ռմբակոծվում են Բեքաայի հովտում շիաների  «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող օբյեկտները։

Մեկ այլ հայտարարության համաձայն՝ կործանիչ ինքնաթիռները Լիբանանի տարածքում «Հեզբոլլահ»-ին պատկանող տասնյակ թիրախների են հարվածել, այդ թվում՝ «արձակման կայանքների, որոնց նշանառության տակ էր Իսրայելի տարածքը, շենքերի, որտեղ պահվում էին զենքեր, և ահաբեկչական ենթակառուցվածքների»։ 

Իր հերթին Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել է, որ ավելի քան 10 մարդ է զոհվել Բեքաայի հովտի Հերմել քաղաքում իսրայելական ավիահարվածներից։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ կան մեծ թվով վիրավորներ։

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը Լիբանանում սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հեզբոլլահ»-ի դեմ: Հայտարարված նպատակն է անվտանգ պայմանների ստեղծումը հրեական պետության հյուսիսային սահմանային շրջաններում, որպեսզի տասնյակ հազարավոր տեղահանված բնակիչները կարողանան վերադառնալ այնտեղ։

Ըստ Լիբանանի իշխանությունների՝ սեպտեմբերի 29-ին իսրայելական ավիահարվածներից առնվազն 105 մարդ է զոհվել։ Իսկ ընդհանուր առմամբ, վերջին օրերին զոհերի թիվը գերազանցել է 1000-ը, 6000 մարդ վիրավորվել է։ Ըստ Լիբանանի կառավարության՝ տեղահանվել է շուրջ մեկ միլիոն մարդ՝ երկրի բնակչության մեկ հինգերորդը։  

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում