Ռուսաստան

Ռոստովի Շահումյան համայնքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների կողմից կառուցված հայկական եկեղեցու օծումը

2 րոպեի ընթերցում

Ռոստովի Շահումյան համայնքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների կողմից կառուցված հայկական եկեղեցու օծումը

ՄՈՍԿՎԱ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Եգորլիկսկի շրջանի Շահումյան համայնքում, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել նորակառույց հայկական եկեղեցու օծման և բացման հանդիսավոր արարողություն:

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ եկեղեցին կառուցվել է Մուշից Ռոստովի մարզ բռնագաղթած հայերի ժառանգների նախաձեռնությամբ, որոնք հիմնականում հաստատված են Շահումյան համայնքում։  

Քարոզի իր խոսքում թեմակալ առաջնորդը շեշտել է, որ ավելի քան 100 տարի առաջ Մուշի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն այսօր դարձել են Ռուսաստանի օրինապահ և ազնիվ քաղաքացիներ և եկեղեցի կառուցելով՝ վկայում են, որ հավատարիմ են իրենց նախնիների հավատքին, սրբություններին, ինքնությանը, հայրենիքին: 

Օծման արարողությանը մասնակցել են ՀՀ գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը, Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ: 

Շնորհավորելով հայ համայնքին եկեղեցու օծման առիթով՝ նահանգապետ Վասիլի Գոլուբևը նշել է, որ պատմական հիշողության պահպանումը, սրբավայրերի վերականգնումն ու կառուցումը հասարակության համախմբման ընդհանուր, կարևոր խնդիր է:

Եկեղեցու բացման արարողությունն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, մատաղի մատուցմամբ: 

Շահումյանի՝ 30 մետր բարձրությամբ նորակառույց հայկական եկեղեցին կառուցվել է Հայաստանից բերված վարդագույն տուֆից։ Հիմքերի օծման արարողությունը կատարվել էր 2017 թվականին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում