ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Լևոն Սահակյանի թեկնածությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովին Լևոն Սահակյանին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկմանը հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Սահակյանին երկրորդ անգամ է առաջադրում այդ պաշտոնում: Լևոն Սահակյանը 2022թ մարտին ընտրվել էր որպես ԿԲ խորհրդի անդամ և պաշտոնավարել սահմանված ժամկետներում:
Սահակյանն իր ելույթում անդրադարձավ ԿԲ-ի գործունեությանը՝ վստահեցնելով, որ Կենտրոնական բանկը պատշաճ իրագործում է իր առջև դրված սահմանադրական նպատակները՝ երկրում գների և ֆինանսական կայունության ապահովումը:
«Չնայած վերջին տարիների բարձր պահանջարկին և տնտեսական աճերին՝ ներկայումս ունենք թիրախից ցածր գնաճ, իսկ նախորդ տարիների շոկերից հետո ֆինանսական համակարգը լիովին կայուն է»,-ասաց Սահակյանը: