Աննա Հակոբյանի հրավերով Հայաստանում է Կատարի  մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» ղեկավար կազմը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրավերով սեպտեմբերին 18-ին Հայաստան է ժամանել Կատարի պետության մշակութային ամենամեծ հիմնադրամի՝ «Կատարայի» պատվիրակությունը՝ հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ ալ Սուլեյթիի գլխավորությամբ։ Պատվիրակությունը մասնակցելու է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամից, Կատարից Երևան ժամանած «Կատարա» մշակութային հիմնադրամի ներկայացուցիչների համար Աննա Հակոբյանի անունից աշխատանքային նախաճաշ է մատուցվել: Նախաճաշին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։ 

Կատարական կողմից նախաճաշին մասնակցել են «Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ ալ Սուլեյթին, աշխատակազմի ղեկավար Օմար Ալի ալ Մաննային, մշակութային հարցերի ղեկավար Խալեդ Աբդել Ռահիմ ալ Սայեդը, գնումների վարչության ղեկավար Աբդալ Ռահման Ջասեմ ալ Թամիմին։

Ըստ աղբյուրի՝ Աննա Հակոբյանը ողջույնի խոսքում նշել է, որ մեծ պատիվ է Երևանում ընդունել գործընկեր հիմնադրամի ղեկավար կազմին, և հույս  հայտնել, որ Հայաստանում նրանք անմոռանալի օրեր կանցկացնեն։ 

«Կատարա» մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալեդ Իբրահիմ ալ Սուլեյթին ընդգծել է, որ մեկ տասնամյակից ավելի ղեկավարելով հիմնադրամը, որպես կանոն, հաճախ չի մեկնում այլ երկիր պաշտոնական այցով՝ ժամանակի սղության պատճառով, սակայն սիրով ընդունել է Աննա Հակոբյանի հրավերը։ 

Նշվում է, որ ցուցահանդեսին մասնակցելուց զատ, Կատարի պատվիրակությունն այս այցով սկիզբ է դնում «Իմ Քայլը» և «Կատարա» հիմնադրամների միջև մշակութային գործակցությանը։ Աշխատանքային նախաճաշի ընթացքում կողմերը քննարկել են, թե որ ուղղություններով է հնարավոր առաջիկայում համագործակցել, ընդ որում, ոչ միայն երկու հիմնադրամների միջև, այլ նաև Կատարի այլ պետական կառույցների ու կազմակերպությունների ներգրավմամբ։ Կողմերը պայմանավորվել են նաև առաջիկայում կազմակերպել բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ այցեր։

«Նախաճաշից հետո Կատարից ժամանած հյուրերը վարչապետի տիկնոջ հրավերով և ուղեկցությամբ այցելել են նաև Մատենադարան, որտեղ նրանց է միացել նաև «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարար Մխիթար Հայրապետյանը և Հայաստանում Կատարի պետության գործերի հավատարմատար Մուհամմադ Յուսեֆ ալ Մուդզաֆերը։ Հյուրերին է ներկայացվել Մատենադարանը, այնտեղ պահվող ձեռագրերի պատմությունը, թվագրությունը: Հյուրերը շրջել են մշտական և ժամանակավոր ցուցասրահներում, ծանոթացել հիմնական ցուցադրվող և նոր ձեռք բերված ձեռագրերին: Հյուրերին ներկայացվել է նաև հայերեն ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիր»-ը: Այս կերպ հյուրերին փոխանցել են հայերի` դարերից եկող վերաբերմունքը դեպի գիրը: Կատարից ժամանած հյուրերը ուսումնասիրել են նաև Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում՝ արաբատառ ձեռագրերի հավաքածուն, որոնց թիվը հասնում է 3000-ի: Կատարից ժամանած հյուրերը եղել են նաև ձեռագրերի վերականգման բաժնում, հետևել ընթացքին, ծանոթացել վերականգման մեթոդներին: Մասնագետները ցուցադրել են 16-րդ դարով թվագրվող «Հայսմավուրք» ձեռագիրը, որն անցել է Եղեռնի ճանապարհով և Հայաստան հասել շատ վատ վիճակում: Գրքի վնասված բոլոր էջերն ու կազմը վերականգնվել են Մատենադարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը «Կատարա» մշակութային հիմնադրամի ղեկավար կազմին է ներկայացրել արաբերեն ձեռագրերի վերականգման և հետազոտման լաբորատորիա հիմնելու իրենց գաղափարը և ընդգծել այս հարցում գործակցության կարևորությունը: «Կատարա» մշակութային հիմնադրամի տնօրենը նախաձեռնությունը չափազանց կարևոր է համարել և նշել, որ այս հարցում Մատենադարանին կարող է օժանդակել Կատարի ազգային գրադարանը: 

 

Հայերեն العربية Русский Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում