Քաղաքականություն

Քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրատիսլավայում սեպտեմբերի 18-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հայկական կողմից խորհրդակցությունները վարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սլովակյան կողմից՝ Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մարեկ Էշտոկը:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Անդրադարձ է կատարվել միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությանը և դրանց շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին:

Խորհրդակցություններին քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ տարածաշրջանային կայունության ու երկարատև խաղաղության ապահովման համատեքստում ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում