Քաղաքականություն

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով անվտանգային միջավայրի տեսլականին։

«Վերջերս շատ կարևոր որոշում կայացվեց՝ Եվրամիությունը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամը, Հայաստանին աջակցություն տրամադրեց, որը զուտ դրամական և տեխնիկական առումով սիմվոլիկ է, բայց շատ մեծ նշանակություն ունի։ Մենք տարբեր երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն ենք իրականացնում։ Նաև պրոֆեսիոնալ բանակ ենք ստեղծում»,-ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև անդրադարձավ Ադրբեջանի իշխանության կողմից արված հայտարարություններին, մասնավորապես, որ Հայաստանը Ֆրանսիայից սպառազինություն է գնում։

«Հետաքրքիրը գիտեք ի՞նչն է։ Նրանք ասում են՝ Արևմուտքը զինում է Հայաստանին։ Կներեք, բայց որ Ադրբեջանը Չեխիայից, Սլովակիայից, Իտալիայից զենք է գնում, երբվանի՞ց այդ երկրներն այլևս Արևմուտք չեն։

Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից զենք գնել, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից զենք ձեռք բերել։ Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է Պակիստանից զենք ձեռք բերել, իսկ Հայաստանը Հնդկաստանից չի կարող»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։

«Մենք ասում ենք՝ 29743 քկմ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է մեր խնդիրը, իրավունք, որը երաշխավորված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ։ Ընդ որում, նաև ՄԱԿ-ի և այլ միջազգային  կազմակերպությունների փաստաթղթերը պետության վրա դնում են պարտավորություն ապահովելու իրենց քաղաքացիների անվտանգությունը։ Եվ մենք այս պարտավորությունները կատարելու ենք»,-եզրափակեց Փաշինյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում