Քաղաքականություն

Կառավարությունը որդեգրել է իրական Հայաստանի հայեցակարգը՝ որպես ՀՀ հարատևման անհրաժեշտ նախապայման․վարչապետ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը որդեգրել է իրական Հայաստանի հայեցակարգը՝ որպես ՀՀ հարատևման անհրաժեշտ նախապայման․վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը որդեգրել է իրական Հայաստանի հայեցակարգը՝ որպես պետականության  հարատևման համար անհրաժեշտ նախապայման։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգային միջավայրի վերաբերյալ քննարկմանը՝ համոզմունք հայտնելով նաև, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պաշտպանում է այդ տեսլականը։

«Իմ և մեր կառավարության ընկալումն անվտանգության հարցում էականորեն կապված է հայեցակարգային մի հարցի հետ՝ ինչի համար է և ինչ գործառույթ ունի Հայաստանի Հանրապետությունը։ Մեր իրականության մեջ սոցիալ-հոգեբանական մակարդակում, կարծում եմ, ընդհանուր ընկալումն առնվազն մինչև վերջերս եղել է հետևյալը՝ ՀՀ-ն գործիք է կամ ֆորպոստ, հենարան, որպեսզի մենք ավելի մեծ երկիր ունենանք, ընդհուպ՝ պատմական արդարություն հաստատենք, պատմական վրեժ լուծենք։ 

Կա նաև երկրորդ ընկալումը, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու գործիք է միջազգայնորեն ճանաչված իր տարածքում, այն ընկալմամբ, որ այդ բարեկեցության մեջ է մտնում ազատությունը, արդարությունը, անվտանգությունը։ Առաջինը պայմանականորեն անվանում ենք պատմական Հայաստանի հայեցակարգ, երկրորդը՝ իրական Հայաստանի։ Կտրված չլինելով հայկական իրականությունից և մեր միջավայրից, հասկանալիորեն ապրելով, մեծանալով, ձևավորվելով այն միջավայրում, որը եղել է, և անցնելով այս ծանր ճանապարհը՝ Կառավարությունը եկել է այն եզրակացության, որ իրական Հայաստանի տեսլականն է կարող ապահովել ՀՀ անվտանգությունը, որովհետև հակառակը նշանակում է, որ մենք ՀՀ-ն  դնում ենք այն պատմական ցիկլի մեջ, որի ելքն անխուսափելի է՝ ՀՀ պետականության կորուստ»,-պարզաբանեց վարչապետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում