Քաղաքականություն

Հայ երիտասարդներն առաջնորդվում են նոր ընկալումներով՝ հիմնվելով ձախողումներից քաղած դասերի վրա. Հասմիկ Հակոբյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երիտասարդների ընդգրկմամբ միասնական որոշումների կայացումը նպաստում է Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս հաղթահարելու առկա մարտահրավերները։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովում։ 

«Ներկայումս, երբ աշխարհը բախվում է այդքան շատ ճգնաժամերի և մարտահրավերների, երբ կան շարունակվող պատերազմներ և հակամարտություններ, անչափ կարևոր է լուծել երիտասարդության հետ կապված խնդիրները: Ես Հայաստանից եմ, որն ունի հազարամյակների պատմություն։ Մեր երկիրն ունեցել է ինչպես փառավոր, այնպես էլ ողբերգական պահեր, սակայն  հայ ժողովուրդը պահպանել է իր մշակույթն ու ինքնությունը։ Վերջին տարիներին մեր երիտասարդությունը բախվել է յուրօրինակ մարտահրավերների, որոնք հաջորդել են 2018 թվականի թավշյա հեղափոխությանը, ինչպես նաև 2020 թվականի ղարաբաղյան պատերազմին ու Քովիդ-19 համավարակին։ Թավշյա հեղափոխությունը, որը հաճախ անվանում են նաև երիտասարդական հեղափոխություն, նախադրյալներ է ստեղծել, որպեսզի երիտասարդները հայաստանում կերտեն իրենց ապագան»,- ասել է պատգամավորը։ 

Նրա խոսքով՝ հայ երիտասարդությունը ստիպված է եղել բախվել 44-օրյա պատերազմի հետևանքներին ու համավարակի փորձություններին, բայց, բարեբախտաբար, այդ վայրիվերումներից հետո հայ երիտասարդության պահանջարկը տակավին մնում է բարձր։ 

Հակոբյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից հետո Հայաստանը կարողացել է նրանց ինտեգրել իր կրթական համակարգում։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաստատել է հատուկ ծրագրեր, որպեսզի տեղահանված ուսուցիչներն աշխատանք գտնեն հայաստանյան դպրոցներում։ Կառավարությունը հաստատել է նաև միջոցառումների ծրագիր, որպեսզի կարողանա փոխհատուցել տեղահանված ուսանողների ուսման վարձերը և նրանց աջակցի հոգեբանական առումով։ Մենք ստեղծել ենք տարածքային կենտրոններ, որոնք առաջարկում են հոգեբանական աջակցություններ և խորհրդատվություններ։ Այդ կենտրոններն օգնում են մեղմացնել ճգնաժամի հետևանքները կրթության և զբաղվածության վրա»,- հայտնել է Հակոբյանը։

Նա հիշեցրել է, որ պատերազմն ու համավարակը խաթարել են ուսման գործընթացը, սակայն երիտասարդների մեջ առաջացել է բուռն ցանկություն՝ աջակցելու հայրենակիցներին։ Պատերազմն ու համավարակը ստիպել են, որպեսզի աշխատանքային և կրթական մոտեցումները վերափոխվեն ու հեղափոխվեն։ Հակոբյանի հավաստմամբ՝ հայ երիտասարդներն առաջնորդվում են նոր ընկալումներով՝ հիմնվելով ձախողումներից քաղած դասերի վրա։   

Հակոբյանը կարևորում է այն հանգամանքը, որ երիտասարդները նույնպես մասնակցեն կարևոր որոշումների կայացման գործընթացին՝ խթանելու համար թիմային աշխատանքը, խրախուսելու համար վաղ տարիքից մասնագիտության ընտրությունը, նպաստելու նրանց մոտ անկախության զգացմունքի խորացմանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ 2023 թվականին ՀՀ ԱԺ-ն հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որը ներառում է օրենքի նախագիծ՝ «Երիտասարդական քաղաքականություն» խորագրով։ Նպատակն է հասցեագրել երիտասարդության զարգացման հիմնարար սկզբունքները, խթանել երիտասարդների միջև փոխհարաբերությունները, ինչպես նաև աջակցել երիտասարդական կազմակերպությունների, հանրային խորհրդատվական մարմինների գործունեությանը, որպեսզի արդյունքում ունենանք շատ լավ ներառական երիտասարդական քաղաքականություն։ 

«Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է հանձնառու լինել 2021-26 թվականների ծրագրին, որի առանցքում երիտասարդական կենտրոնների ստեղծումն է, դրանց զարգացմանն աջակցելը՝ տրամադրելով մտավոր ու ստեղծագործական աշխատանքի հնարավորություններ։ 2022 թվականին ստեղծվել են այդպիսի երկու կենտրոններ, մյուս երեքը՝ 2023 թվականին, ևս չորսը կստեղծվեն ընթացիկ տարում։ Երիտասարդների ընդգրկմամբ միասնական որոշումների կայացումը նպաստում է Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանը ինչպես նաև հնարավորություն է տալիս հաղթահարելու առկա մարտահրավերները»,- նշել է ՀՀ ԱԺ պատգամավորը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում