Ադրբեջան

ԼՂ հայերի վերադարձի իրավունքը կա, սակայն դրա իրագործման համար հստակ ծրագիր է պետք. Լուիս Մորենո Օկամպո

2 րոպեի ընթերցում

ԼՂ հայերի վերադարձի իրավունքը կա, սակայն դրա իրագործման համար հստակ ծրագիր է պետք. Լուիս Մորենո Օկամպո

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի դիտարկմամբ՝ միջազգային իրավունքը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության կողմից է, քանի որ հայրենիք վերադառնալու իրավունքը միանշանակ գոյություն ունի, սակայն դա իրականացնելու համար անհրաժեշտ է հստակ ծրագիր մշակել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օկամպոն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել այս պարագայում միջազգային իրավունքը և միջազգային հանրությունը։

«Միջազգային իրավունքը կարևոր է․ Ադրբեջանը պարտավոր է հասկանալ և հարգել այն, որովհետև հետևանքներ կլինեն նաև հենց Ադրբեջանի համար», - ասաց Օկամպոն՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունքներ ունի։

Նա մանրամասնեց, որ այս օրերի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԼՂ-ի նախկին պաշտոնյաների հետ՝ առաջարկելով իր օգնությունը հայ բնակչության` իրենց հայրենիք վերադարձի հարցում։

«Մենք հիմա պարզապես կարող ենք քննարկել, թե ինչպե՞ս ենք պլանավորելու հայերի վերադարձը, և թե ինչպե՞ս է Ադրբեջանը ճանաչելու ԼՂ-ի բնակչության իրավունքները, և ինչպե՞ս պետք է այդ իրավունքներն իրականացվեն։ Սակայն դրա համար աշխատանքային ծրագիր է պետք․ պլան, որը մշակված կլինի հենց արցախցիների կողմից», - նշեց Օկամպոն՝ ընդգծելով, որ այդ իրավունքը գոյություն ունի, սակայն դրա գործարկման համար համեմատաբար բարենպաստ պայմաններ են պետք։

Նա մատնանշեց, որ այս իրավիճակում միջազգային իրավունքը հենց հայերի կողմից է։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում