Տնտեսություն

ՌԴ գործընկերները հայկական կոնյակի հետ կապված որևէ խնդիր չեն բարձրաձայնել․ Էկոնոմիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

ՌԴ գործընկերները հայկական կոնյակի հետ կապված որևէ խնդիր չեն բարձրաձայնել․ Էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարը հայկական կոնյակի հետ կապված որևէ խնդիր չեն բարձրաձայնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների այն հրապարակմանը, թե ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսն անվտանգ չէ։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի հետ։ Այդ երկու հեռախոսազրույցների ընթացքում տարբեր հարցեր ենք քննարկել, բայց մեր ռուսաստանցի գործընկերները կոնյակի սպիրտի մասին որևէ բան չեն ասել։ Ինձ չի ասվել որևէ խնդրի մասին։ Տարբեր հարցեր մենք ենք բարձրաձայնել, իրենք են բարձրաձայնել, բայց կոնյակի սպիրտի մասին հարց չի բարձրաձայնվել»,- ընդգծեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ Էկոնոմիկայի նախարարության օրակարգում շատ կարևոր տեղ է զբաղեցնում կոնյակի սպիրտի որակը։ 

«Հայաստանից պետք է արտահանվի իրապես կոնյակ և կոնյակի սպիրտ։ Իմ օրակարգում այն շատ կարևոր դերակատարում ունի։ Ես անելու եմ ամեն-ինչ, որպեսզի վստահ լինենք, որ Հայաստանից դուրս եկող սպիրտը բացարձակապես խաղողի հումք ունի։ Սա Հայաստանի բրենդի և հայկական կոնյակի բրենդի հարց է»,- եզրափակեց Պապոյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում