Քաղաքականություն

Գերիների, պատանդների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Գերիների, պատանդների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տանում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարության կարևորագույն դրույթներից մեկը գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձին է վերաբերում: Եվ իր համար ցավալի է, որ ՌԴ գործընկերները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության վերաբերյալ խոսելիս շրջանցում են գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը: 

«Եթե եռակողմ հայտարարություններն են հիմքը, և եռակողմ հայտարարություններն ուզում ենք արժևորել, պետք է գնանք, սկսենք առաջին հոդվածից կարդալ, տեսնել, թե ով ինչ աշխատանք պետք է իրականացներ, որ չի իրականացրել: Գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հարցը մեզ շատ մտահոգում է: Մենք այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք ենք իրականացնում: Ես հասկանում եմ, որ այդ աշխատանքը չի երևում, և դա այդ աշխատանքի առանձնահատկությունն է»,–ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց նախորդ տարեվերջին 32 գերեվարված անձանց վերադարձի մասին՝ շեշտելով, որ դրանից առաջ էլ նշել է, որ կատարվում է ամենօրյա աշխատանք:

Փաշինյանը նկատեց՝ մարդիկ երբեմն հուսահատվում են, տպավորություն են ստանում, թե իրականում ոչ մի բան տեղի չի ունենում, բայց իրականությունն այդպես չէ: 

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 8–րդ կետով արձանագրված է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում