Երևան

Քաղաքապետարանը պլանավորում է բարձրացնել տուգանքի չափը շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխող միջոցառումներ չիրականացնելու դեպքում

4 րոպեի ընթերցում

Քաղաքապետարանը պլանավորում է բարձրացնել տուգանքի չափը շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխող միջոցառումներ չիրականացնելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը քննարկում է կառուցապատման ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու հետևանքով տուգանքների չափի բարձրացման հարցը։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը համոզմունք հայտնեց, որ տուգանքի չափը պետք է համադրելի լինի կառուցապատման ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումների իրականացման ծախսերի հետ։ 

Նրա տեղեկատվությամբ՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած վերջին գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ քաղաքապետը հանձնարարել է մշակել կարգ շինարարական օբյեկտներում պաշտպանիչ ցանցերի կահավորման վերաբերյալ։ Մյուս հանձնարարականի համաձայն էլ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը տուգանքի չափերի փոփոխության վերաբերյալ համապատասխան աշխատանքներ է իրականացնում։

«Մեր կարծիքով՝ տուգանքի չափը բավականին ցածր է և անհրաժեշտ է այն ավելացնել, որպեսզի համադրելի լինի  ծախսերի հետ, որոնք շինարարը պետք է իրականացնի՝ օդի որակի մոնիթորինգի սարքերը տեղադրելու կամ ցանցապատում իրականացնելու հետ կապված։  Չստացվի այնպես, որ իրենք, զուտ ծախսերին նայելով, որոշեն, որ տուգանքն ավելի քիչ է, և ավելի ձեռնտու է մի քանի անգամ տուգանվելը, քան համապատասխան միջոցառումները իրականացնելն ու արտանետումները նվազեցնելը»,-պարզաբանեց Ավետիսյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը կուսումնասիրի միջազգային փորձը և կհամադրի տուգանքի չափերն ու այդ ծախսերը՝ ավելի խելամիտ տուգանքի չափ որոշելու համար, որից հետո  քաղաքապետարանը կնախաձեռնի օրենքի մեջ համապատասխան փոփոխության գործընթաց։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածի  (81.1)  համաձայն՝  կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ շինությունները շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով չծածկելը կամ օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը օրվա ընթացքում պարբերաբար չջրելը (խոնավ չպահելը) կամ հղկման աշխատանքներ իրականացնելիս փոշու արտանետումները բացառող սարքեր, տեխնոլոգիաներ չօգտագործելը կամ սորուն նյութերը փակ տարածքներում չպահեստավորելը և անթափանց թաղանթով չծածկելը կամ շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը չլվանալն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50 հազար դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով (150 հազար դրամ):

Նույն խախտումները, որոնք կրկին կատարվել են վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ), իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով (300 հազար դրամ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում