ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Նազարյանին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
«90-ամյա պատմությամբ դպրոցն իր մեծ դերն ունի քաղաքի մշակութային կյանքում: Կրթական գործընթացի բարելավման և զարգացման նոր հնարավորությունների համար համայնքը նախատեսում է բովանդակային փոփոխություններ: Համայնքային ծառայության և մշակույթի ոլորտում պարոն Նազարյանի երկարամյա աշխատանքը, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները թույլ կտան վերհանել առկա խնդիրներն ու գտնել արդյունավետ լուծումներ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Ըստ աղբյուրի՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է նաև, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել թվային տեխնոլոգիաների կիրառմանը:
Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվել են նաև դպրոցի՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, կարիքները: Թեև վերջին տարիներին կրթօջախում իրականացվել են մասնակի նորոգման աշխատանքներ, շենքն այսօր ունի պայմանների ընդհանուր բարելավման, գույքի և երաժշտական գործիքների թարմացման անհրաժեշտություն: