Մերձավոր Արևելք

Լիբանանի վարչապետը արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ է հրավիրել

2 րոպեի ընթերցում

Լիբանանի վարչապետը արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով նախարարական կոմիտեի նիստ գումարելու մասին ՝ կապված «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև լարվածության նոր փուլի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը, որի համաձայն՝ կոմիտեի հանդիպումը կկայանա Բեյրութում։ 

«Նախարարների կաբինետի բոլոր անդամները, ովքեր ունեն նման հնարավորություն, նույնպես հրավիրված են մասնակցելու դրան»,- ընդգծել է Միքաթին։

Լույս օգոստոսի 25-ի գիշերը իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իր  կործանիչները գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախները՝ պատճառաբանելով Իսրայելին հրթիռային հարված նախապատրաստելու հանգամանքով։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է երկրում 48 ժամով արտակարգ դրություն սահմանելու մասին։ 

Ավելի ուշ իսրայելական աղբյուրները հայտնել են Լիբանանից հարյուրավոր հրթիռների արձակման մասին։ Իր հերթին «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ ավարտել է Իսրայելի դեմ գործողության առաջին փուլը, և վերջինիս պնդումները կանխարգելիչ գործողություններ ձեռնարկելու և գործողությունը խափանելու մասին իրականությանը չեն համապատասխանում։

Մերձավոր Արևելքում սրման հաջորդ փուլը հաջորդեց Թեհրանում պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը և Բեյրութում «Հեզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուկրի վերացմանը։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ դա անպատասխան չեն թողնի:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում