Երևան

Հրազդանի կիրճում իրականացվեցին մաքրման աշխատանքներ․ շաբաթօրյակին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետը

2 րոպեի ընթերցում

Հրազդանի կիրճում իրականացվեցին մաքրման աշխատանքներ․ շաբաթօրյակին մասնակցեց նաև Երևանի քաղաքապետը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի և «Գրին գրին» շարժման նախաձեռնությամբ տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացվել Հրազդանի կիրճի հատվածներից մեկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շաբաթօրյակային միջոցառմանը ներգրավվել են նաև համայնքային կառույցների և կամավորական ընկերությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ:

Աղբից և մարդկանց տեղաշարժին խանգարող ավելորդ բուսականությունից մաքրվել է Կիևյան և Հաղթանակի կամուրջների միջև ընկած տարածքը: Աշխատանքներին ներգրավված էին նաև տեխնիկական միջոցներ, իսկ մասնակիցների թվում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և նրա ղեկավարած կառույցի պատասխանատու պաշտոնյաներ:

Հատվածներից մեկը տեսքի բերելուց հետո Տիգրան Ավինյանը լրագրողներին ներկայացրեց միջոցառմանն առնչվող որոշ մանրամասներ:

«Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքի վարչական շրջանների կառույցները միացել են «Գրին գրին» շարժման նախաձեռնությանը՝ Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքներին: Այն շուտով ճանաչվելու է ռեկրեացիոն (հանգստի կազմակերպման-խմբագր.) գոտի: Հրազդանի կիրճը մեր քաղաքի ամենակարևոր կանաչ տարածքներից մեկն է, որի այսքան աղտոտված լինելը մեր մեծագույն խնդիրն է: Ըստ այդմ, աջակցում ենք նաև «Գրին գրին» կազմակերպությանը, որը համանման տարբեր նախաձեռնություններ է իրականացնում Երևան քաղաքում: Առաջնային խնդիրը ոչ այնքան աղբահավաքությունն է, որքան մարդկանց իրազեկումն այն մասին, որ նման վայրերում, առհասարակ, տարբեր տեղերում աղբ թափելը պարզապես անթույլատրելի է: Հուսով եմ՝ երևանցիները հենց այս իմաստով կընկալեն և կհասկանան սույն նախաձեռնությունը»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Քաղաքապետը տեղեկացրեց նաև, որ իրենք պարբերաբար նախաձեռնում են նմանատիպ միջոցառումներ կամ միանում այդ նպատակին միտված նախաձեռնություններին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում