Իրան

Կատարն Իրանին հայտնել է, որ ցանկալի չէ Գազայի շուրջ բանակցությունների ժամանակ հարված հասցնել Իսրայելին

2 րոպեի ընթերցում

Կատարն Իրանին հայտնել է, որ ցանկալի չէ Գազայի շուրջ բանակցությունների ժամանակ հարված հասցնել Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի վարչապետ  և արտգործնախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ օգոստոսի 15-ին կայացած հեռախոսազրույցում ընդգծել է տարածաշրջանում հանգստության և լարվածության թուլացման անհրաժեշտությունը: 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կատարի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը։ 

«Զրույցը վերաբերել է Գազայի հատվածում և Պաղեստինի օկուպացված տարածքներում վերջին իրադարձություններին, Գազայի հատվածում պատերազմի դադարեցմանն ուղղված համատեղ միջնորդական ջանքերին և Մերձավոր Արևելքում պահպանվող լարվածությանը, ընդգծվել է տարածաշրջանում հանգստության և ապաէսկալացման անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, The Times of Israel-ը, վկայակոչելով Ynet լրատվական հարթակի տեղեկատվությունը, հաղորդել է, որ Ալ Թանին զրուցակցին հայտնել է, որ «հարկավոր է լավ մտածել` «արդյոք ձեզ կամ «Հեզբոլլահ»-ի համար նպատակահարմար է Իսրայելի վրա հարձակվել հենց հիմա, երբ նման առաջընթաց է դիտվում»։

Հրապարակման մեջ նշվում է, որ «հեռախոսազանգը, ըստ երևույթին, ազդեցություն է ունեցել, քանի որ միջնորդ երկրներից մեկի պաշտոնական ներկայացուցիչներն իմացել են, որ «Հեզբոլլահ»-ը ներկայում հետաձգել է Իսրայելի վրա հարձակման վերաբերյալ նախկին որոշման կատարումը»:

Օգոստոսի 15-ին Դոհայում ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ սկսվել է բանակցությունների նոր փուլը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդների ազատ արձակումը: Իսրայելը պատվիրակություն է ուղարկել Դոհա, ՀԱՄԱՍ-ը՝ ոչ։ Բանակցությունները կշարունակվեն նաև օգոստոսի 16-ին: 

Սպիտակ տան խորհրդական Ջոն Քիրբին օգոստոսի 15-ին լրագրողներին հայտնել է, որ բանակցությունները «խոստումնալից մեկնարկ են ունեցել», բայց առջևում շատ աշխատանք կա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում