Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացող տարում կյանքի կկոչվեն գյուղատնտեսական մի շարք նախաձեռնություններ` «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի շրջանակում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից: Այն իրականացնում են DAI Global UK (DAI) միջազգային ընկերությունը և իր հայաստանյան մասնաճյուղը՝ AMPERA խորհրդատվական ընկերության հետ համատեղ: 

SIGMA-ի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում՝ կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: Ծրագիրը համագործակցում է մասնավոր ընկերությունների հետ և համատեղ ներդրումների միջոցով նպաստում է Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական  զբոսաշրջության զարգացմանը:

«SIGMA-ի և մասնավոր ընկերությունների համատեղ ներդրումային ծրագրերն առաջնահերթ նոր հնարավորություններ են ստեղծում փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Օգտվելով այս ծրագրերի արդյունքում մատուցվող ծառայություններից՝ նրանք հնարավորություն են ունենում բարելավել իրենց աշխատանքի արդյունավետությունը և մեծացնել եկամուտները: SIGMA-ի գործընկերները, իրենց հերթին, ձեռք են բերում եկամտի նոր աղբյուր ծառայությունների շարունակական մատուցման շնորհիվ», - նշել է SIGMA ծրագրի թիմի ղեկավար Կարեն Գևորգյանը: 

Ծրագրի շրջանակում Սպիտակ համայնքում ներդրվել է անձրևացման ինքնաշխատ ոռոգման համակարգ: Այն հնարավորություն է տալիս կրճատել ոռոգման ժամանակն ու ջրի կորուստը, նվազեցնել ջրի մակերեսային հոսքի և էրոզիայի հավանականությունը, ինչպես նաև բարձրացնել բույսերի մշակության տնտեսական արդյունավետությունը: Ծրագրի շրջանակում նույնատիպ ոռոգման համակարգ ներդրվել է նաև Վարդենիս համայնքում: 

Ակտիվ աշխատանքներ են տարվում նաև Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում մեղվաբուծության գիտաարտադրական կրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ:  Կենտրոնը տրամադրելու է մեղվաբուծական արտադրանքի որակի ապահովման և վերամշակման, մարքեթինգային, ինչպես նաև մեղվաբույծների վերապատրաստման ծառայություններ: Լոռու մարզի մեկ այլ բնակավայրում՝ Գյուլագարակում, իրականացվող ծրագրի արդյունքում ս.թ. աշնանից սկսած գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան օգտվել ագրոմեխանիզացիայի համապարփակ ծառայություններից: Վերջիններս ներառելու են հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակության բոլոր միջոցառումները:  

Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերի մաքրման և ախտահանման կենտրոնը Վարդենիս համայնքում պատրաստ կլինի շահագործման սեպտեմբերին: Այն հնարավորություն կտա էապես բարելավել օգտագործվող սերմերի որակը և բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը։ Աշնանը Գեղարքունիքում կգործարկվի նաև մրգերի երկարատև պահեստավորման սառնարանային տնտեսությունը, որը հնարավորություն կտա Վարդենիկի և հարակից 20 բնակավայրերի ֆերմերներին պահեստավորել կամ վաճառել իրենց գյուղատնտեսական արտադրանքը: 

Այս տարվա մարտին մեկնարկած SIGMA ծրագիրը միտված է ապահովելու ավելի մեծ եկամուտ և ստեղծելու աշխատատեղեր Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի լեռնային գյուղական բնակավայրերի ֆերմերների և փոքր գյուղացիական տնտեսությունների համար: Ծրագրի տևողությունն է տասը տարի: Առաջին փուլի շրջանակում՝ 2024-2026 թթ.-ին, նախատեսվում է իրականացնել 21 համատեղ ներդրումային ծրագիր, 15-ը` գյուղատնտեսության, 6-ը` գյուղական զբոսաշրջության ոլորտներում: 

Հայերեն English Français Русский

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն