Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառի. հարցազրույց շվեդ պատգամավորի հետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնն, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հնարավորություններին և այդ համատեքստում Բաքվից հնչող սպառնալիքներին, նշել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն իրականացնելու ցանկացած փորձ պետք է հանգեցնի Արևմուտքի կողմից արագ գործողությունների, մասնավորապես՝ պատժամիջոցների:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում շվեդ պատգամավորն անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող հարաբերություններին, Երևանի և Բաքվի միջև սահմանների սահմանազատում իրականացնելու շուրջ համաձայնությանն, ինչպես նաև Հարավային Կովկասում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հնարավորություններին: 

- Պարոն Հելսբորն, վերջին շրջանում ականատես ենք լինում, թե ինչպես են ամրապնդվում ու խորանում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները, կողմերն ավելի սերտ գործընկերության մեջ են, քան երբևէ։ Ձեր կարծիքով որքանո՞վ է կարևոր Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների խորացումը տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար։ Ինչպե՞ս կգնահատեք այդ կապերը: 

- Միջազգային հարաբերությունները կարևոր են ցանկացած երկրի համար, բայց առավել կարևոր են այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է: Վերջին մի քանի տարիների ընթացքում կառուցված ԵՄ-Հայաստան հարաբերությունները դրական են, և այդ աշխատանքը պետք է շարունակվի։ Ավելի սերտ կապերն օգուտ կբերեն երկու կողմերին էլ:

- Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք այս համաձայնագիրը և, ըստ Ձեզ՝ կարո՞ղ է այն խաղաղություն բերել երկու երկրներին ու հարավկովկասյան տարածաշրջանին։ 

- Սահմանային տարաձայնություններն, իհարկե, պետք է լուծվեն, որպեսզի լինի երկարատև խաղաղություն։ Այնուամենայնիվ, նման համաձայնագրի մանրամասները, հավանաբար, բարդ խնդիր կհանդիսանան: Ես հետևել եմ Հայաստանի և հայկական սփյուռքի բանավեճերին և տեղյակ եմ, որ կան մարդիկ, ովքեր քննադատում են, թե ինչպես է կառավարությունը վարում իրավիճակը: Իմ իրավունքը չէ ասելը, թե ով է ճիշտ այս պարագայում:

- Վերջին տարիներին շատ է խոսվում Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ միաժամանակ սպառնալով այն ստանալ ուժով։ Պարոն Հելսբորն, ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման ագրեսիվ և չպատճառաբանված վարքագիծը։

- Ալիևի ռեժիմի հռետորաբանությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի է: Քննարկվող տարածքը պատկանում է Հայաստանին, և Ադրբեջանն իրավունքներ չունի այդ հողի նկատմամբ, իրավունք չունի նաև դրա վերաբերյալ որևէ պահանջ ներկայացնելու։ Հայկական հողի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ցանկացած փորձ պետք է հանգեցնի Արևմուտքի կողմից արագ գործողությունների, ինչպիսիք պատժամիջոցներն են:

- Ի պատասխան ադրբեջանական կողմի այս պնդումների՝ նախորդ տարի ՀՀ կառավարությունը նախաձեռնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ։ 

- Ես չեմ կարդացել նախագծի վերաբերյալ բոլոր մանրամասները: Սակայն ընդհանուր հավակնությունը դրական է: Ժողովրդավարությունը, առևտուրը և համագործակցությունը կարևոր են երկարատև խաղաղության և կայունության համար:

Դավիթ Մամյան

 

 

Հայերեն العربية English Español فارسی Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն