ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում կայացած համապետական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ մի շարք երկրների ղեկավարներից ստացել է շնորհավորական ուղերձներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորելով Մասուդ Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցության հետագա ընդլայնմանը` ի շահ Ռուսաստանի և Իրանի ժողովուրդների և ի շահ տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման:
Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ հույս հայտնելով, որ երկու երկրներն ապագայում կընդլայնեն բարիդրացիական հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նրան հրավիրել Մինսկ։ Լուկաշենկոն նշել է, որ Մինսկի և Թեհրանի միջև բոլոր մակարդակներով երկխոսությունը անշեղորեն ընդլայնվում է։ «Համոզված եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք կյանքի կոչել ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, այդ թվում՝ երկկողմ հարաբերություններին ռազմավարական գործընկերության բնույթ տալու մասին»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։
Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Սարդար Սադիկը Մասուդ Փեզեշքիանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ ընտրությունները վկայում են Իրանի ժողովրդի կողմից Փեզեշքիանին ցուցաբերած մեծ վստահության մասին։ Պակիստանի Ազգային ժողովի նախագահն իր ուղերձում ասել է, որ Իրանի նորընտիր նախագահը խելացի, ընդունակ և մարդասեր քաղաքական գործիչ է, ում ընտրությունն արտացոլում է Իրանի ժողովրդի վստահության բարձր մակարդակը։ «Մենք վստահ ենք, որ նոր ժամանակաշրջանում մեր երկրների հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն»,- հավելել է նա։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին իրանցի գործընկերոջը հղված շնորհավորական նամակում նրան հրավիրել Բաքու։ Ալիևն ասել է, որ Բաքուն մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի և Իրանի հարաբերություններին՝ «կառուցված այնպիսի ամուր հիմքերի վրա, ինչպիսիք են ընդհանուր կրոնական և մշակութային արմատները, բարեկամությունն ու եղբայրությունը»։ Իր շնորհավորանքի տեքստում Ալիևը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Թեհրանը համատեղ ջանքերով կհասնեն ավանդաբար բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և Ադրբեջանի ու Իրանի միջև փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը։
Մասուդ Փեզեշքիանն Իրանի նախագահական 14-րդ ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ավելի քան 16 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից՝ պահպանողական թևի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին՝ ավելի քան 13 միլիոն, հայտարարել են Իրանի ընտրական հանձնաժողովում: