«Ոսկե ծիրան»-ը միջազգային կառույցների և դեսպանատների հետ համագործակցությամբ Հայաստանում բացառիկ ֆիլմեր կցուցադրի

4 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը
«Ոսկե ծիրան» միջազգային 21-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված առաջին մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն անցկացվելու է հուլիսի 7-14-ը, շարունակում է համագործակցել միջազգային կազմակերպությունների և Երևանում հավատարմագրված դեսպանատների հետ և համատեղ մի շարք հետաքրքիր ծրագրեր իրականացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոփառատոնի համահիմնադիր, միջազգային ծրագրերի ղեկավար Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ Երևանում Գյոթե կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կցուցադրվեն Անդրեաս Դրեզենի «Հիլդեից՝ սիրով», Սևերին Ֆիալայի և  Վերոնիկա Ֆրանցի «Դիվային լոգանքը», Վիկտոր Կոսակովսկու «Արխիտեկտոն», Ավիվա Բարխուդարյանի «Վիգենը, Բեռլինը և սառը պատերազմը» ֆիլմերը։ 

Նիդերլանդների Թագավորության դեսպան Յաբ Ֆրեդերիկսը 2023 թվականին է ստանձնել Երևանում դեսպանի պարտավորությունները և ցավով է նշում, որ Հայաստան է եկել այն ժամանակ, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը եզրափակվել է: «Հաճախ էի հարցնում, թե ինչ կարևոր մշակութային միջոցառումներ են անցկացվում Հայաստանում, բոլորը պատասխանում էին՝ «Ոսկե ծիրան» փառատոնն է կազմակերպվում: Կարծում եմ՝ սա պարզապես փառատոն չէ, այլ Հայաստանի մշակութային պատուհանն է դեպի աշխարհ»,-ասաց նա:

Դեսպանատունն արդեն չորրորդ տարին է՝ ֆինանսավորում  է փառատոնի ընթացքում լույս տեսնող օրաթերթի տպագրությունը: 

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն և Ֆրանսիայի դեսպանատան մշակութային կցորդ Դեյվիդ Տուրցը հավաստիացրեց, որ իրենց համար մեծ պատիվ է ամեն տարի համագործակցել կինոփառատոնի հետ: ««Ոսկե ծիրան»-ը ժամանակի ընթացքում մեծ հաջողությունների է  հասել, հեղինակություն է ձեռք բերել: Փառատոնը հնարավորություն է տալիս երիտասարդ արվեստագետներին, կինոգործիչներին համաշխարհային մասշտաբով ճանաչում ձեռք բերել, ներկայանալի դառնալ,  Հայաստան հրավիրել հանրահայտ կինոգործիչների տարբեր ծրագրեր իրականացնելու համար»,-ընդգծեց նա:

Փառատոնին կցուցադրվեն Բերտրան Բոնելլոյի «Գազանը», Դավիդ Բոարետոյի «Ապրիլը Ֆրանսիայում», Ալեքսի Պազումյանի «Սև այգի», Կատիա Կիրակոսյանի «Միսաք և Մելինե Մանուշյաններ» ֆիլմերը, իսկ հուլիսի 10-ին «Ֆրանսիական կինոյի օր» ավանդական միջոցառմանը կցուցադրվի այս տարվա Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջ»-ի արժանացած Մատի Դիոպի «Դահոմե» ֆիլմը։

Դեսպանության և ինստիտուտի հետ համագործակցությամբ Հայաստան կժամանեն փառատոնի ժյուրիի անդամ Գրիգոր Պըլտյանը, ինչպես նաև ռեժիսորներ Դավիդ Բոարետոն, Ալեքսի Պազումյանը և Կատիա Կիրակոսյանը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆիլմերը ցուցադրվելու են Կինոյի տանը, Մալյանի անվան թատրոնում և «Մոսկվա» կինոթատրոնում:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում