ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա առաջին հինգ ամսում 64 միլիարդ դրամի գումար է վերականգնվել Հայաստանի պետական բյուջե։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Վերջին առնվազն 2 տարին ամփոփելիս՝ունենք հստակ գնահատական, թե ՊԵԿ-ը՝ որպես վարչարարություն իրականացնող մարմին, իր գործիքները կիրառելու միջոցով որքանով է կարողանում ստվերը կրճատել։ Հիմա այս տարի մենք դիտարկել ենք առաջին հինգ ամիսը և արձանագրել ենք, որ շուրջ 64 միլիարդ դրամի գումար է վերականգնվել պետական բյուջե։ Ընդ որում՝ այդ ցուցանիշը շուրջ 20 միլիարդով ավելի է, քան նախորդ տարվա առաջին հինգ ամիսների ցուցանիշն էր։
Եթե նույնությամբ համեմատենք 2023 թվականը 2022 թվականի նկատմամբ՝ կրկին աճ կարձանագրենք։ Դա նշանակում է, որ վերջին տարիներին Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է։ Դա նաև նշանակում է, որ մեր կարողությունները, մեր գործիքակազմի բարելավումները և ՏՏ ենթակառուցվածքի վրա մեր ներդրումներն արդարացնում են իրենց։ Այսինքն՝ ավելի հաճախ ենք կարողանում տեսնել ռիսկային երևույթները, դրանց արձագանքել և վերականգնել»,- նշել է Բադասյանը։