Տնտեսություն

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ և բավականին լայն տարածում ունեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանում օֆշորային սխեմաների մասին հարցին։ 

«Այո, գործում են և բավականին լայն տարածում ունեն։ Երկիրը կարող է նաև օֆշորային երկիր չլինել, բայց իր հետ կնքված կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը որոշակի առավելություններ կարող է տալ։ Կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի իմաստն այն է, որ նույն տեսակի եկամուտը երկու երկրում չհարկվի։ Բայց կան իրավիճակներ, որ այդ համաձայնագրերն այնպես են կիրառվում, որ ստացվում է կրկնակի չհարկում՝ ոչ այնտեղ, ոչ այստեղ։ 

Եվ մենք ուսումնասիրություն ենք արել 2019-2021 թվականների համար ու արձանագրել ենք, որ շուրջ 3 տարվա կտրվածքով 616 միլիարդ դրամի եկամուտ է Հայաստանից վճարվում ոչ ռեզիդենտներին, որոնք կամ չեն հարկվում, կամ հարկվում են նվազ դրույքաչափերով։ Ընդ որում, այդ թվի մեջ միանշանակ կան այնպիսի դեպքեր, երբ երկու կողմից էլ չեն հարկվում»,- նշել է Բադասյանը։ 

Նրա խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների, Լյուքսեմբուրգի և Կիպրոսի հետ կնքված կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերը լուրջ խնդիրներ են առաջացնում։

«Մենք նախնական գնահատական ունենք, թե որքան կորուստը կարող է լինել․ խիստ նախնական գնահատականներով մոտ 50-60 միլիարդ դրամի գումար կա, որը պետք է հարկվի»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում