Մշակույթ

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

2 րոպեի ընթերցում

Վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը, որտեղ գործում են նաև ստեղծագործական կենտրոններ, վերանորոգվում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ առաժմ շինարարություն է փորձասենյակների, միջանցքների ու սանհանգույցների հատվածում:

«Շենքը լիովին վերանորոգվելու է: Այս պահին ընթանում է 1-ին փուլը, ինչը ներառում է ներքին հարդարումը, այսինքն, փոխվում են սանհանգույցները, հարդարվում են ներսի սենյակային հատվածներ, փոխվում են ջրահեռացման խողովակները, ինչպես նաև դռներն և պատուհանները», - մանրամասնել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Արմեն Հարությունյանը: 

Աշխատանքների ղեկավարն ընդգծել է, որ նախկինում անցկացված օդափոխության համակարգն ամբողջությամբ փոխվում է, անցկացվում է հովացման և ջեռուցման նոր համակարգ:

Վերանորոգման հաջորդ՝ առավել ընդգրկուն փուլը ներառում է դահլիճն ու բեմը: Որոշ հատվածի փայտե կառուցվածքների կազմաքանդումն արդեն սկսել են, որովհետև այլևս ենթակա չեն շահագործման:

«Ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Պետք է առավելագույն ջանքեր գործադրենք, որ կարողանանք մեր երևանցիներին նորովի վերադարձնել Պատանի հանդիսատեսի թատրոնը»,-նշել է Արմեն Հարությունյանը:

Կվերականգնվեն նաև շենքի արտաքին պատերը՝ չխախտելով ճակատի ճարտարապետական կերպը: Շուրջ մեկ դար առաջ հիմնադրված թատրոնը վերանորոգումից հետո կներկայանա ամբողջությամբ արդիականացված:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում