ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, ինչպես նաև լավ եղբայրական հարաբերություններով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ փոխվարչապետի խոսքերը «X» միջազգային փորձագիտական «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումից։
«Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, լավ եղբայրական հարաբերություններով։ Երբ իրական սպառնալիքներ են ծագում, ինչպես հիմա, երբ տարերքները փաստացի ոչնչացրին միակ երկաթուղային երթուղին, որը Հայաստանը կապում էր մնացած աշխարհի հետ՝ Վրաստանի տարածքով, մենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշմամբ, արագորեն օգնության հասանք և ռեկորդային ժամանակում վերականգնեցինք երթևեկությունը»,- ընդգծել է Օվերչուկը։
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը՝ Օվերչուկը կարծիք է հայտնել, որ դրանք անհամատեղելի կառույցներ են։
«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի (Հայաստանը՝ խմբ.) քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Մենք պետք է հասկանանք նաև, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը անհամատեղելի են: Այն օգուտները, որոնք որևէ երկիր ստանում է Ռուսաստանի հետ մերձ լինելուց, պետք է ընդունվեն որպես գին, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի, որոշ արտատարածաշրջանային խաղացողների ժամանումը այնտեղ, իհարկե, կունենա հետևանքներ»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։