Քաղաքականություն

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել. Սերգեյ Լավրով

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը նախարարների խորհրդի նիստում չի քննարկվել. Սերգեյ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ Երևանը պաշտոնական դիմումներ չի ուղարկել, հետևաբար այդ հարցը և հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում չեն քննարկվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ մեջբերելով ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը։ 

«Ոչ, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը չի քննարկվել, քանի որ համապատասխան հարցում չի ստացվել»,- ասել է Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո տված ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու ընթացակարգը։ 

Լավրովը նշել է, որ Հայաստանի կողմից ինչ-որ դիմումների կամ փաստաթղթերի լինել-չլինելու մասին գուշակություններ անելը դիվանագիտական ավանդույթների մեջ չի մտնում։

«Ինչպես արդեն ասացի, այո, այսօր հայ նախարարը ներկա չէր հանդիպմանը, բայց Հայաստանից չկար որևէ փաստաթուղթ, որևէ պաշտոնական քայլ, որն անհրաժեշտ կդարձներ քննարկել այն բանի հետևանքներն, ինչը տեղի չի ունեցել, չի հաղորդվել»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը։ 

Ղազախստանի Ալմաթի քաղաքում հունիսի 21-ին կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարներրի խորհրդի նիստը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նիստին չի մասնակցել։ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կկայացնի։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում