Ռուսաստան

Ստոլտենբերգն արձագանքել է Ուկրաինայում խաղաղության շուրջ Պուտինի առաջադրած պայմաններին

2 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգն արձագանքել է Ուկրաինայում խաղաղության շուրջ Պուտինի առաջադրած պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ, որակել է որպես միտված «ոչ թե խաղաղությանը, այլ ագրեսիային»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ոչ թե Ուկրաինան պետք է իր ուժերը դուրս բերի ուկրաինական տարածքից, այլ Ռուսաստանը պետք է իր ուժերը դուրս բերի բռնազավթված ուկրաինական հողերից։ Այս առաջարկն, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանն ավելի շատ իրավունքներ կստանա՝ զավթելու ավելի շատ ուկրաինական հողեր՝ բոլոր չորս մարզերը, որոնք, նրանց պնդմամբ, ուկրաինական չեն», - ասել է Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ այս առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանը կհասնի պատերազմի իր նպատակներին՝ ակնկալելով, որ Ուկրաինան կհրաժարվի իր հողերից։

«Սա խաղաղության առաջարկ չէ, սա ավելի շատ ագրեսիայի, ավելի շատ օկուպացիայի առաջարկ է և որոշ առումով ցույց է տալիս, որ Ռուսաստանի նպատակն է վերահսկել Ուկրաինան, և դա եղել է Ռուսաստանի նպատակը հենց պատերազմի սկզբից», - ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ սա միջազգային օրենքի կոպիտ խախտում է, և հենց այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ի դաշնակիցները շարունակում են աջակցությունն Ուկրաինային։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին որպես Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների նախապայման նշել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, իսկ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։ Ընդ որում, Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում