ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կառավարության հրաժարականի պահանջով և նոր կառավարություն կազմավորելու անհրաժեշտության մասին հարցով արտահերթ նիստ գումարելու միջնորդություն են ներկայացրել Ազգային ժողովի խորհրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Ինչպես երեկ Բագրատ սրբազանը հայտարարեց, Ազգային ժողովի պատգամավորները նախաձեռնել են արտահերթ նիստ հրավիրելու հարցը։ Օրակարգում մեկ հարց է՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության կազմավորման անհրաժեշտության մասին։
Մենք արդեն պաշտոնապես մուտքագրել ենք Ազգային ժողովի պատգամավորների 33 ստորագրություններով առաջարկը»,-ասաց Մինասյանը։
Պատգամավորը մանրամասնեց՝ միջնորդության մեջ նշել է, որ եթե ԱԺ խորհուրդը որևէ պատճառով չցանկանա հարցը ներառել օրակարգում կամ դեմ քվեարկի այդ նախագծին, ապա 5-րդ աշխատանքային օրը՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով պետք է գումարվի արտահերթ նիստ։
«Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նաև միջնորդություն է ներկայացված այն մասին, որ այսօրվա խորհրդի նիստի օրակարգում ներառվի այդ հարցը և որոշում կայացվի վաղը՝ հունիսի 11-ին, ժամը 18։30-ին արտահերթ նիստ գումարելու մասին։ Եթե անգամ վաղն էլ ԱԺ խորհուրդը նպատակահարմար չգտնի, կարող է մինչև հունիսի 17-ը ցանկացած օր, ժամը 18։30-ին հրավիրել արտահերթ նիստ»,-եզրափակեց Մինասյանը։
«Տավուշը հանուն հայրենիք» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հունիսի 9-ին դիմել էր Ազգային ժողովի խմբակցություններին, որպեսզի հունիսի 11-ին, ժամը 16:30 նախաձեռնեն արտահերթ նիստ՝ կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման օրակարգով: