Քաղաքականություն

Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին

3 րոպեի ընթերցում

Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին իր հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ մայիսի 29-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Թեհրանը հավատարիմ է Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը։ Ալի Բաղերի Քանին շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին Իրանին նախագահի, արտգործնախարարի ու մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ հղելու առնչությամբ, ինչպես նաև ողջունել ՀՀ վարչապետի այցը Թեհրան։

Քանին շեշտել է իրենք հանձնառությունը՝ արդյունավետ դերակատարում ունենալ կովկասյան տարածաշրջանում տևական անվտանգություն ու կայունություն հաստատելու գործում։

Mehr-ը հայտնել է նաև, որ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունը՝ կյանքի կոչել Երևանի հետ արդեն իսկ ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաև օգնել Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին։

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել էին, որ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է վարել ԻԻՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի հետ։

Իհաջորդումն մայիսի 22-ին Թեհրան ՀՀ վարչապետի պատվիրակության այցի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն ընդգծել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Արարատ Միրզոյանը և Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:

Նշվում է, որ իրանական կողմն իր հերթին ցավակցություն և զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի և վնասների կապակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում