Քաղաքականություն

ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ

6 րոպեի ընթերցում

ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:

Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում:

Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջեւ սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված:

Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից:

Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:

Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում եւ ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները:

Պատասխան – Այդ ձեւակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են:

Հարց – Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է:

Պատասխան – Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները եւ կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ:

Հարց - Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում։

Պատասխան - Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա:

Հարց – Իսկ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա:

Պատասխան – Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:

Հարց – Կարծիք կա, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի Հանրապետության կողմից, եւ սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար:

Պատասխան – Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետեւ վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ եւ սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս:

Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին

Քաղաքականություն

Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի պատգամավորը՝ հայաստանցի խորհրդարանականներին

Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ

Քաղաքականություն

Ստոլտենբերգը Բրյուսելում հանդիպում կունենա Զելենսկու հետ

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ  ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Քաղաքականություն

Հայաստանին պետք է ԵՄ անդամ պետությունների աջակցությունը՝ այդ ընտանիքի լիիրավ անդամ դառնալու համար․ ԱԺ նախագահ

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Քաղաքականություն

Վերջին տարիներին հայ-հնդկական հարաբերությունները շեշտակի վերելք են ապրել. Հնդկաստանում Հայաստանի դեսպան

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Քաղաքականություն

Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Քաղաքականություն

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Երևանի պատրաստակամությունը

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

Էստոնիայի ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում