Քաղաքականություն

Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Տավուշի մարզի հատվածում սահմանազատման գործընթացի մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ընթացող «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսության ժամանակ նա նշեց, որ տվյալ որոշումները կայացրել են ֆիքսելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։

«Քաղաքացիներից մեկն ինձ հարցրեց, թե ի՞նչի ենք մեր գյուղերը տալիս Ադրբեջանին։ Սա շատ կարևոր հարց է, և ես հիմա չեմ ուզում ասել այն, ինչ-որ քաղաքական մակարդակներում ասել եմ, որ Հայաստանում երբեք այդպիսի գյուղեր չեն եղել, բայց ես ուզում եմ մի բան ասել, որը շատ կարևոր է։ Այս որոշումները մենք ի՞նչի համար ենք կայացնում, կայացնում ենք ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության անկյունաքարերն են։

«Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը՝ տարածքն է և տարածքային ամբողջականությունը։

Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն։ Տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։

Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,-ընդգծեց վարչապետը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում