Քաղաքականություն

Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել

2 րոպեի ընթերցում

Ընդդիմությունն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման փոխարեն համապարփակ գործընթաց սկսել

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հատվածական սահմանազատման գործընթաց սկսելուն, փոխարենն առաջարկում է համապարփակ գործընթացի սկիզբ դնել՝ ունենալով հիմքեր, հստակեցված քարտեզներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին խորհրդարանական ճեպազրույցում:

Աննա Գրիգորյանն իշխանությանը մեղադրեց միակողմանի զիջման գնալու մտադրության մեջ: «Պետք է լինի ընդհանուր գործընթաց, ոչ թե պարզապես միակողմանի զիջում՝ ինչ-որ ակնկալիքներով»,-նշեց նա:

Նա իշխանությանը մեղադրեց զիջումների մեջ՝ նշելով, որ չկա որևէ հիմք, չկա պայմանավորվածություն քարտեզների մասով:

«Մեր առաջարկը հետևյալն է՝ պետք է համապարփակ գործընթաց լինի: Պետք է հիմքերը, քարտեզները հստակեցվեն, նոր խոսենք բանակցությունների, քննարկումների մասին: Առանց հստակեցումների տարածքների զիջումը Հայաստանի համար բերելու է նոր անվտանգային ռիսկերի: Մեր առաջարկը համապարփակ գործընթացի սկիզբ դնելն է՝ սկզբունքների և քարտեզների մասով հստակեցումներով»,–ասաց Գրիգորյանը:

Արթուր Խաչատրյանն էլ հավելեց. «Ինչո՞ւ է դա տեղի ունենում հատվածական, այլ ոչ թե համապարփակ: Այսինքն՝ ամբողջ սահմանի երկայնքով պետք է լինի սահմանազատում, հետո նոր սահմանագծում, հետո՝ զինված ուժերի վերատեղակայում նոր սահմանների երկայնքով: Այս մարդիկ գնում են հատվածական եղանակով»,-ասաց նա՝ իշխանությանը մեղադրելով զիջումների մեջ:

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը դեմ չէ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Հայաստանի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում