Քաղաքականություն

Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձեր են արվում, ինչի մասին ԱԳՆ-ն բարձրաձայնում է տարբեր հանդիպումների ժամանակ․ Կոստանյան

4 րոպեի ընթերցում

Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձեր են արվում, ինչի մասին ԱԳՆ-ն բարձրաձայնում է տարբեր հանդիպումների ժամանակ․ Կոստանյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող կալվածքում ստեղծված իրավիճակին՝ այդ ամենը կապելով նաև Երուսաղեմի ստատուս քվոն փոխելու փորձերի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վահան Կոստանյանը նման կարծիք է հայտնել լրագրողների հետ զրույցում՝ շեշտելով, որ խնդրի շուրջ ԱԳՆ-ն քննարկումներ է ունենում տարբեր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։

«Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։ Երուսաղեմի ստատուս քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ինչի մասին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների հետ հանդիպումներում բարձրաձայնում է։ Այդ մասին խոսվում է նաև բազմակողմ հարթակներում»,- ընդգծեց փոխնախարարը։

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Գործարքի հետևանքով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում ստեղծվել էր մտահոգիչ իրավիճակ, ինչի կապակցությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռախոսազրույց էր ունեցել Երուսաղեմի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ․Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Քննարկման ընթացքում Պատրիարք Սրբազանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել էր, որ քայլեր են ձեռնարկվում Պատրիարքարանի իրավունքների պաշտպանության և խնդրի բարվոք հանգուցալուծման համար։

Ստեղծված իրավիճակի առնչությամբ Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր էր կազմակերպել։ Երեք կազմակերպություններ՝ «Հոմենեթմեն Երուսաղեմը», «Հայ երիտասարդաց միություն Երուսաղեմը» և «Բարեսիրաց միությունը», հայտարարություն էին տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։

2023-ի նոյեմբերի 1-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտնեց, որ որոշում է կայացրել չեղարկել «Կովերի պարտեզ»-ը վարձակալության տալու գործարքը։

Պատրիարքարանի կողմից գործարքը չեղարկելուց մի քանի օր անց Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալությունը չեղարկելու որոշումից հետո երկրորդ կողմը նամակին պատասխան տալու փոխարեն սկսել էր կալվածքի պարիսպը և կայանատեղերը քանդել, ասֆալտը հեռացնել՝ սպառնալով շատ ավելի մեծ վնաս պատճառել:

2023 թվականի դեկտեմբերի 30-ին ավելի քան 30 դիմակավորված զինված անձինք ներխուժել էին Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» -ի տարածք և դաժան հարձակում գործել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա:

2024 թվականի ապրիլի 3-ին էլ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հայտնեց, որ Իսրայելի ոստիկանությունը տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը եւ հարձակվելով հոգեւորականների եւ տեղացի հայերի վրա: Երուսաղեմի հայոց պատրիարքարանը պատասխան էր պահանջել Իսրայելի կառավարությունից ոստիկանության ապօրինի գործողությունների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում