Քաղաքականություն

Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը հակասում է Հայաստանի շահերին․ Արմեն Ռուստամյան

2 րոպեի ընթերցում

Հատվածական սահմանազատումն ու սահմանագծումը հակասում է Հայաստանի շահերին․ Արմեն Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանազատումը և սահմանագծումը իրար հաջորդող միջազգային գործընթացներ են և պետք է համապատասխանեն միջազգային լավագույն պրակտիկային։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում իր ելույթում այս մասին ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ հիմնարար սկզբունք է համարվում այն, որ առ ոչինչ է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ ձեռք բերված որևէ համաձայնությունը։

«Առաջնային պայման է սահմանակից պետությունների միջև երկկողմ բնականոն, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների առկայությունը։ Այս գործընթացներն իրականացնելու համար ձևավորվում է երկկողմ միջպետական կառավարական հանձնաժողով, կայացվում է համաձայնություն սահմանազատման հիմքերի և համատեղ սահմանագծում իրականացնելու գործընթացի շուրջ, կնքվում է երկու պետությունների միջև սահմանի մասին համաձայնագիր, որն արձանագրում է սահմանային բոլոր խնդիրների լուծված լինելու հանգամանքը։ Հետևաբար՝ սահմանների ճանաչման գործընթացի միջազգային պրակտիկայում խոսք չի կարող լինել ավարտված որևէ հատվածական սահմանազատման և սահմանագծման մասին առանց ունենալու սահմանային բոլոր խնդիրների լուծումն արձանագրող համաձայնություն։ Ուստի հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն Ադրբեջանի հորինածն է և հակասում է մեր շահերին և միջազգային լավագույն պրակտիկային»,- ընդգծեց Ռուստամյանը։

Պատգամավորը նշեց, որ այդ ապօրինի պահանջին տուրք տալը նշանակում է ուղղակիորեն ուժի սպառնալիքի տակ անվերապահորեն կատարել Ադրբեջանի կամքը։

«Այս եզրահանգումն ամրապնդում է Ադրբեջանի այն պահանջով, որ սահմանի հստակեցումն իրականացվի հենց Տավուշի հատվածից, որտեղ մեր առաջնագիծն ամենաամուրն է»,-եզրափակեց Ռուստամյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում