Տնտեսություն

Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց 2024 թվականի պետական ստանդարտացման ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նրա խոսքով՝ «Պետական ստանդարտացման 2024 թվականի ծրագիրը և ստանդարտացման աշխատանքների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» պետական ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2024 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14,1 միլիոն դրամ։

«2024 թվականի ընթացքում նախատեսվում է մշակել 39 ազգային ստանդարտ։

Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ նախատեսված է ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային կտրվածքով հաշվետվողականություն՝ ապահովելով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ծրագրային բաղադրիչների կատարման նկատմամբ Էկոնոմիկային նախարարության մշտադիտարկումը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել կամ վերանայել միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն տնտեսության կարևորագույն ոլորտներում ազգային ստանդարտների մշակմանը, մասնավորապես՝ տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը՝ որպես թիրախ սահմանելով առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացումը, արտահանման ծավալների խթանումը, ինչպես նաև էներգախնայողության և էներգարդյունավետության, պարենային և ոչ պարենային արտադրանքի, տարածական տվյալների, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, բնապահպանության, ռազմաարդյունաբերության ոլորտներում աշխատանքի բարելավումը և արդյունավետության բարձրացումը՝ ապահովելով վերոգրյալ ոլորտներում նոր շուկաների ինտեգրվածությունը։

Միաժամանակ, ծրագրի ընդունման արդյունքում կիրականացվեն միջազգային, եվրոպական, միջպետական և ԵԱՏՄ ստանդարտացման աշխատանքներ, ինչպես ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում