Մշակույթ

Սաթի Սպիվակովային տրվեց «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչում

5 րոպեի ընթերցում

Սաթի Սպիվակովային տրվեց «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան, որը հյուրախաղերով Երևանում է, ապրիլի 3-ին այցելեց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոն և «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպիվակովան շրջեց կենտրոնում, հանդիպեց քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկներին, նրանց ծնողներին: Շրջայցի ավարտին նրան տրվեց «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումը։

HM2_4667.JPG (743 KB)

«Ես անգամ չհարցրի, թե ինչու «Ժպիտների քաղաք»: Երեխաների ժպիտներն ինձ տպավորեցին, ապրելու նոր իմաստ տվեցին»,-ասաց Սաթի Սպիվակովան:

Նա մեծ պատիվ է համարում հիմնադրամի Բարի կամքի դեսպանի պատվավոր կոչումը ստանալը: «Հիմա կմտածեմ, թե ինչպես կարող եմ անձամբ օգնել: Ավաղ, ես և ամուսինս՝ Վլադիմիր Սպիվակովը, չունենք ցանկալի միջոցներ հիմնադրամին աջակցելու համար, բայց համոզված եմ, որ ինչպես ծովն է կազմված փոքր կաթիլներից, այնպես էլ յուրաքանչյուր աջակցություն և խնդրի լուսաբանում կարող են ծառայել հիմնադրամին: Հանձն եմ առնում իմ հնարավորությունների սահմաններում աջակցել «Ժպիտների քաղաք»-ին»,-շեշտեց նա:

HM2_4553.JPG (687 KB)

Սպիվակովան խոստովանեց՝ եթե անձամբ այդ հիվանդության հետ չառնչվեր, գուցե այլ ընկալումներ ունենար, բայց, անցնելով այդ ամենի միջով և հաղթահարելով, հարցին այլ կերպ է նայում: Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ կյանքում շատ հիվանդություններ կան, և քաղցկեղը դրանցից մեկն է, որը հնարավոր է հաղթահարել:

Խոսելով իր ամուսնու՝ հանրաճանաչ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի մասին՝ Սաթի Սպիվակովան նշեց, որ Սպիվակովը, մինչ իր բարեգործական հիմնադրամը բացելը, միշտ օգնել է մարդկանց: «Եթե կարող ես օգնել, արա դա: Դրանից միայն լավ ես զգալու: Կարծում եմ՝ հայտնի մարդիկ պետք է փորձեն աջակցել ոչ միայն նյութապես: Հայտնի լինելն օգնում է արագ ուշադրություն հրավիրել այս կամ այն խնդրի վրա»,-ընդգծեց դերասանուհին:

HM2_4278.JPG (1.01 MB)

Սաթի Սպիվակովան Հայաստանում է ապրիլի 3-7-ը մոսկովյան առաջատար «Ազգերի թատրոն»-ի անդրանիկ հյուրախաղերի շրջանակում: Նա երևանյան հանդիսատեսին կներկայացնի «Դեղձանիկը» ներկայացումը: Սպիվակովան երջանիկ է, որ թատրոնը, որը դարձել է իր մոսկովյան տունը, այսօր իր հայրենիքում է՝ իր հարազատ քաղաքում:

«Ես ուրախ եմ, որ ինձ միացել են թատրոնի տնօրեն Նատալյա Մազուրը, ներկայացման բեմադրիչ Դմիտրի Սերդյուկը: Թատրոնը հաճախ է մասնակցում բարեգործական նախաձեռնությունների տարբեր երկրներում»,-շեշտեց Սպիվակովան:

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը շնորհակալություն հայտնեց Սպիվակովային՝ իրենց միանալու համար:

HM2_4517.JPG (683 KB)

Նա տեղեկացրեց, որ ամեն տարի քաղցկեղով հիվանդ հարյուրից մինչև 110 երեխա է գալիս կենտրոն: «Հիմնադրամը տարվա ընթացքում ֆինանսավորում է 200-ից 250 երեխաների և երիտասարդների: Մենք աջակցում ենք մինչև 25 տարեկան հիվանդներին: Նրանք երեխաներ են, որոնք նախորդ տարվանից շարունակում են բուժումը, երեխաներ, որոնց մոտ հիվանդությունը կրկնվում է, և երեխաներ, որոնց մոտ առաջին անգամ է այն ախտորոշվել: Դժվար է ասել, թե որքան գումար է հարկավոր այդ հիվանդությունը բուժելու համար, քանի որ դա կախված է հիվանդության փուլից, հիվանդի օրգանիզմից: Պատահում է, որ հեշտ է հաղթահարվում և հակառակը: Միջին վիճակագրությամբ՝ մենք՝ որպես հիմնադրամ, միջինում մեկ հիվանդի վրա ծախսում ենք մոտավորապես 10 հազար դոլար, սակայն կան երեխաներ, որոնց աջակցում ենք 40 կամ 50 հազար դոլարով, կան երեխաներ, որոնց բուժման համար հազար կամ 2 հազար դոլար է հարկավոր»,-շեշտեց Դեմիրճյանը:

HM2_4563.JPG (636 KB)

Նրա խոսքով՝ դեղամիջոցներ ստանալու գործում հիմնադրամը 80 տոկոս դերակատարություն ունի, իսկ կենտրոնի շենքի, բուժաշխատաողների ֆինանսավորմամբ զբաղվում է պետությունը: «Մենք փորձում ենք օգնել բժիշկներին նոր բուժման ձևեր սկսել, որոնք առաջ Հայաստանում չեն եղել: Ցանկանում ենք՝ հիվանդ երեխաները կարիք չունենան մեկնել արտասահման բուժվելու համար»,-ասաց հիմնադրամի գործադիր տնօրենն ու շնորհակալություն հայտնեց նաև «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանին միշտ իրենց կողքին լինելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում