Քաղաքականություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը և միևնույն ժամանակ հավելել, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը նման կարծիք է հայտնել «Նացիոնալնայա օբորոնա» ամսագրին տված հարցազրույցում։

«Մենք Հայաստանի ղեկավարության կողմից ակնկալում ենք քաղաքական սթափություն և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատական։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ»,-նշել է քարտուղարն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում սպասո՞ւմ են կազմակերպության անդամակցության դադարեցման վերաբերյալ Հայաստանի կողմից հայտարարության։

Իմանղալի Թասմաղամբետովը հավելել է, որ ինչպես ինքն, այնպես էլ քարտուղարությունն աշխատում են կազմակերպությունում ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին համապատասխան։

«Մենք, բնականաբար, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքակազմի ուժերով վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և իրավիճակը Հայաստանի ու կազմակերպության փոխհարաբերություններում»,- ասել է Թասմաղամբետովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում