Քաղաքականություն

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև մարտի 21-ին տեղի են ունեցել հերթական քաղաքական խորհրդակցությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից՝ խորհրդակցությունները վարել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Նորվեգիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվել է հայ-նորվեգական քաղաքական երկխոսության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը: Ընդգծվել է առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում կապերի աշխուժացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները՝ ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը նորվեգացի գործընկերներին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում