Քաղաքականություն

Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծելու հարցը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը և Ղազախստանը շարունակում են ակտիվորեն զարգացնել երկկողմ համագործակցությունը ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Ղազախստանի ԱԳ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր համար շատ մեծ պատիվ է այցելել Հայաստան։

«Հայաստանը և Ղազախստանը գործընկեր երկրներ են։ Մենք դարերով պահպանել ենք փոխադարձ հարգանքի և աջակցության արժեքները։ Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ Հարավային Կովկասում։ Մեր երկրները տարեցտարի շարունակում են ակտիվորեն զարգացնել համագործակցությունը ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում։ Ամենակարևորն այն է, որ մեր երկկողմ հարաբերությունները բարեկամական ազգերին բնորոշ մակարդակի են։ Մենք շարունակաբար աջակցում ենք իրար և ունենք փոխադարձ հարգանք և վստահություն»,- ընդգծեց Ղազախստանի ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Ղազախստանը ակտիվորեն աշխատում են այս հարստությունը մեծացնելու համար։

Մուրատ Նուրտլեուի հավաստիացմամբ՝ Հայաստանն ու Ղազախստանը վստահ են այն բանում, որ երկու կողմերի միջև շարունակական կառուցողական աշխատանքը միանշանակ հաջողելու է։

«Դրա մասին է վկայում է ամենաբարձր մակարդակում համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը։ Վերջին շրջանում միջկառավարական հանձնաժողովների, խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համակցված աշխատանքը իր արդյունքն է տալիս։ Շարունակելով զարգացնել մեր առևտրատնտեսական ծրագրերը՝ այս պահի դրությամբ քննարկում ենք հայ-ղազախական ձեռնարկատիրական խորհրդի ստեղծումը»,- ընդգծեց Ղազախստանի ԱԳ նախարարը։

Նախարարի կարծիքով՝ Աստանան ու Երևանը բաց են իրենց քաղաքական մոտեցումների մեջ, առկա են բազում հնարավորություններ առևտրա-տնտեսական բնագավառում։

«Մեր ազգերի մշակութային և հումանիտար կապի հիմքը չափազանց ուժեղ է։ Մեզ անհրաժեշտ է պահպանել դա և փոխանցել հաջորդ սերունդներին»,- եզրափակեց Մուրատ Նուրտլեուն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում