Տնտեսություն

Տնտեսության դիվերսիֆիկացումը չի ենթադրում խոշոր առևտրային գործընկերոջ փոխարինումը մեկ ուրիշով. էկոնոմիկայի նախարար

2 րոպեի ընթերցում

Տնտեսության դիվերսիֆիկացումը չի ենթադրում խոշոր առևտրային գործընկերոջ փոխարինումը մեկ ուրիշով. էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տնտեսության դիվերսիֆիկացումը չի ենթադրում մեկ խոշոր առևտրային գործընկերոջ փոխարինումը մեկ այլով, այլ նշանակում է առևտրաշրջանառության բազմակողմանի աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստից հետո այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը:

«Տնտեսության դիվերսիֆիկացումը շարունակական գործընթաց է, որը պետք է մշտապես տեղի ունենա: Իմ հարցազրույցներում նշել եմ, որ տնտեսության դիվերսիֆիկացումն այն իրավիճակը չէ, երբ խոշոր առևտրային գործընկերոջդ փոխարինում ես մեկ ուրիշով: Դա այն է, երբ ունես մի քանի խոշոր և բազմաթիվ ավելի փոքր առևտրային գործընկերներ: Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, իսկ մյուս երկրներն էլ՝ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից: Այսինքն, դա փոխադարձ գործընթաց է: Բոլոր ուղղություններով պետք է ավելացնենք մեր առևտրաշրջանառությունը»,- նշեց Գևորգ Պապոյանը:

Ընդունելով, որ Հայաստանն ունի փակ սահմաններ, ինչը շատ լուրջ խոչընդոտ է տնտեսության զարգացման համար՝ նախարարը միաժամանակ ընդգծեց, որ ինքն ու իր թիմը դա համարում են դժվար մարտահրավեր, ուստի անընդհատ և ամենօրյա աշխատանքով փորձելու են նոր ուղիներ գտնել Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Ըստ նրա՝ վարչապետի վերջին այցը Եգիպտոս հետապնդում էր նաև նման նոր ուղիներ գտնելու նպատակ:

«Այլ երկրների հետ խոսակցություններ մշտապես եղել են ու կլինեն: Վարչապետի այցը Եգիպտոս ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական շատ մեծ բաղադրիչով այց էր: Տեղեկացված եմ, որ հանդիպումներ են եղել ոչ միայն նախագահի և վարչապետի, այլև գործարարների հետ՝ բիզնես ֆորումի շրջանակում: Եգիպտոսը մեկ օրինակ է, բայց մենք պետք է աշխատենք բոլոր ուղղություններով, եթե ուզում ենք մեր պետության դիմակայունությունն ավելացնենք, ուժեղացնենք: Եթե ուզում ենք ուժեղ պետություն լինել՝ հնարավորինս պետք է տնտեսական կապեր ունենանք աշխարհի բոլոր անկյունների հետ»,- եզրափակեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում