ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղության պայմանագրի խիզախ և միևնույն ժամանակ դժվարին ճանապարհով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, X-ի իր միկրոբլոգում այս մասին գրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը՝ ամփոփելով Բեռլինում կայացած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
«Մենք՝ որպես դաշնային կառավարություն, աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որտեղ դա հնարավոր է, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ խաղաղություն գտնեն: Ճանապարհի յուրաքանչյուր մետր նշանակություն ունի»,- գրել է Բերբոքը։
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում 2024 թ. փետրվարի 28-29-ը ՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։
Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։
Արարատ Միրզոյանը շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։