Քաղաքականություն

Հայաստանը մնում է Բելառուսի գործընկերը․ Անատոլի Գլազ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը մնում է Բելառուսի գործընկերը․ Անատոլի Գլազ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսը Հայաստանի հետ կառուցողական համագործակցություն է ակնկալում նաև հետագայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԲԵԼՏԱ-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Այո, մենք տեսել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը France 24 հեռուստաալիքին և չենք կարծում, որ այն մեր կողմից ինչ-որ մեկնաբանությունների կարիք ունի։ Մենք նորմալ շփում ունենք հայ գործընկերների հետ։ Հայաստանը մնում է մեր գործընկերը, ՀԱՊԿ հարցերը մշտապես տեսադաշտում են մեր երկկողմ փոխգործակցության ընթացքում»,- ընդգծել է Անատոլի Գլազը։

Նրա խոսքով՝ բելառուսական կողմը ակնկալում է կառուցողական համագործակցություն Երևանի հետ արդիական հարցերի ողջ բնագավառում նաև հետագայում:

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի գործունեության իրավական ասպեկտներին, ապա այդ կապակցությամբ մեզ ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացվել»,-նշել է մամուլի քարտուղարը:

France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըհայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ մասնավորապես նշելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում