Քաղաքականություն

Պապիկյանն ու Լըկորնյուն քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

2 րոպեի ընթերցում

Պապիկյանն ու Լըկորնյուն քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքներն ու իրենց գոհունակությունը հայտնել համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։

Միաժամանակ նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:

Նախարարները կարևորել են ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը և այն երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու ջանքերը:

Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը:

Քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցության ընթացքն ու դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ առաջիկա անելիքները:

Հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիեն Լըկորնյուն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Նախարարներն ընդգծել են, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում