ԵՐԵՎԱՆ,14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրյուսել այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսի հետ:
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է առկա մարտահրավերների հաղթահարման հարցում Հայաստանի տեսլականն ու մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերին: