Քաղաքականություն

Հարաբերությունների վերականգնումից հետո բարձրագույն մակարդակի առաջին այցը. ՀՀ նախագահը Հունգարիայում է

2 րոպեի ընթերցում

Հարաբերությունների վերականգնումից հետո բարձրագույն մակարդակի առաջին այցը. ՀՀ նախագահը Հունգարիայում է

ԲՈՒԴԱՊԵՇՏ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Բուդապեշտ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուդապեշտի «Ֆերենց Լիստ» միջազգային օդանավակայանում նախագահ Խաչատուրյանին դիմավորեց Հունգարիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Շանդա Տոմաշը։

Նախագահի գլխավորած պատվիրության կազմում են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։

Նախագահը կհանդիպի նաև Հունգարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք հաստատվել էին 1992թ. փետրվարի 26-ին, կասեցվել էին 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո` ՀՀ ԱԱԽ որոշմամբ։

2022թ․ դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։ 2023թ. կայացել է Սիյարտոյի այցը Հայաստան։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում