Միրզոյանը ռուսաստանցի գործընկերներին հորդորեց Հայաստանին անհիմն մեղադրանքներ չվերագրել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ռուսաստանցի գործընկերներին հորդորում է ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին չվերագրել մեղադրանքներ, որոնցում Հայաստանը մեղավորություն չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանն այս մասին ասաց ասուլիսում՝ անդրադառնալով Ռուսաստանից հնչող այն մեղադրանքին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, այդ թվում կարգավիճակի հարցը փակվել է, երբ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ստորագրել է հայտարարություն՝ Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան:

Միրզոյանն ասաց, որ այդ պնդումն իր ռուսաստանցի գործընկերոջ կողմից եղել է և իր հետ հանդիպումների ընթացքում, և հրապարակային կերպով:

Հայաստանի ԱԳ նախարարը վերաշարադրեց դեպքերի ճիշտ հաջորդականությունը.

«2022 թվականի օգոստոս. ռուսական կողմը ներկայացնում է առաջարկներ, որոնցում կար նաև հետևյալը, որ ԼՂ կարգավիճակի որոշումը հետաձգվում է անորոշ ժամանակով: 2022-ի օգոստոսի վերջ. հայաստանյան կողմը հայտնում է իր համաձայնությունը՝ ռուսական կողմի այս առաջարկներով բանակցությունները շարունակելու: 2022 թվականի օգոստոսի վերջ կամ սեպտեմբերի սկիզբ. ադրբեջանական կողմը հայտնում է իր անհամաձայնությունը ռուսական բոլոր առաջարկների առնչությամբ: 2022թ սեպտեմբեր. ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակում է սկսում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք: Հայաստանյան կողմը, վերհիշելով իր երկկողմ դաշնակցային փոխադարձ պարտավորությունները ՌԴ-ի հետ, այդ թվում նաև բազմակողմ՝ օրինակ` ՀԱՊԿ շրջանակում ունեցած փոխադարձ պարտավորությունները միմյանց տարածքային ամբողջականության և սահմանները պաշտպանելու համատեքստում, դիմում է իր ռուսաստանցի գործընկերներին, որտեղից մեծ հաշվով ստանում է հետևյալ պատասխանը՝ ՀՀ-ի առնվազն այդ հատվածում ունեցած սահմանագծերը բավականաչափ հստակ չեն, հետևաբար՝ ռուսաստանյան կողմը դժվարանում է գնահատել, թե որքանով են խախտվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները: Որից հետո 2022 թ. հոկտեմբերի 6. Հայաստանը Պրահայում Ֆրանսիայի նախագահի, ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում ընդունում է քառակողմ հայտարարություն, որտեղ նշվում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանագծումը պետք է ընթանա 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի համաձայն, որտեղ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որը համընկնում է նախկին երկու խորհրդային հանրապետությունների միջև եղած վարչական սահմանին»:

Այսպիսով, ըստ Միրզոյանի, օգոստոսին եղել են ռուսական առաջարկներ՝ ԼՂ-ի կարգավիճակի հետաձգման վերաբերյալ, որին հաջորդել է Հայաստանի համաձայնությունն ու Ադրբեջանի անհամաձայնությունը, այնուհետև հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ռուսաստանյան կողմից այս փաստի ճշգրիտ արձանագրման բացակայություն, որից հետո ՀՀ-ի համար այդ սահմանագծի նշման անհրաժեշտություն և սահմանի գծի ու դրա հիմքերի վերաբերյալ քառակողմ հիշատակում Պրահայում:

«Ուզում եմ հորդորել իմ ռուսաստանցի գործընկերներին պատճառահետևանքային կապերն ու ժամանակագրական հաջորդականությունը ճիշտ վերարտադրել և հայկական կողմին առնվազն չվերագրել մեղադրանքներ, որոնցում հայկական կողմը որևէ մեղավորություն չունի»,-ասաց ԱԳ նախարարը:

Ըստ նրա՝ եղել է ճիշտ հակառակը, եղել են ակնկալված ու ենթադրվելիք գործողություններ այլոց կողմից, և այդ գործողության բացակայության պայմաններում ՀՀ-ի կողմից եղել է կոնկրետ քայլերի ձեռնարկում՝ այդ թվում Պրահայի հայտարարության տեսքով:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ