Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք․ Միրզոյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն իր կողմից ամեն ինչ անում է, որպեսզի խաղաղության տանող գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, սակայն որևէ պետություն դժվար թե կարողանա միայնակ ստորագրել խաղաղության պայմանագիր, ուստի հայկական կողմի կառուցողականությանը զուգահեռ՝ նաև ադրբեջանական կողմի կառուցողական մոտեցման կարիքը կա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մենք մեկ անգամ չէ, որ հանրահռչակել ենք Հայաստանի Հանրապետության վճռականությունը՝ բարեխղճորեն և կառուցողական կերպով ներգրավված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնց վերջնանպատակը կլինի հարաբերությունների կարգավորումը և խաղաղության հաստատումը։ Մենք մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք մեր նվիրվածությունը խաղաղության գործընթացին և ընդհանրապես մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի հետ ունեցել ենք մի քանի ուղղություններով և մի քանի փուլերով բանակցություններ, աշխատում ենք խաղաղության պայմանագրի կոնկրետ նախագծի վրա։ Օրեր առաջ ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, որոնք կուսումնասիրենք և պատշաճ կարգով կարձագանքենք՝ ներկայացնելով մեր առաջարկները»,- ասաց Միրզոյանը։

Նա վկայակոչեց շատերին պնդումն առ այն, որ խաղաղության հասնելու իրական հնարավորություն կա, պատուհան կա՝ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար։

«Ես անշուշտ պետք է համաձայնեմ այդ պնդումների հետ։ Մենք իրոք ունենք խաղաղության հնարավորություն՝ չնայած բազմաթիվ խոչընդոտներին ու դժվարություններին, որ ունեցել ենք։ Չնայած նույնիսկ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանը, Ադրբեջանից հնչող ատելության խոսքին, ագրեսիվ հռետորաբանությանը՝ մենք իսկապես տեսնում ենք այդ հնարավորությունը։ ՀՀ կառավարությունն իր կողմից ամեն ինչ անում է, որ խաղաղության տանող գործընթացը հասնի իր տրամաբանական ավարտին, բայց խաղաղության հասնելու հնարավորությունը կախված է երկու կողմերի կառուցողական ընդգրկումից ու նվիրումից»,- նշեց ՀՀ արտգործնախարարը։

Միրզոյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանը կդրսևորի այդ կառուցողականությունը, և հավելեց, որ տեսանելի են դրական ազդակներ, ինչպես օրինակ վերջին շփումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը, երբ տեղի ունեցավ ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակում, իսկ Հայաստանն էլ իր հերթին սատարեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին։

«Մյուս կողմից էլ տեսնում ենք բացասական ազդակներ՝ նկատի ունենալով Ադրբեջանից պարբերաբար հնչող ագրեսիվ խոսքերն ու կոչերը, ինչպես նաև բարձրաստիճան հանդիպումներից խուսափելը, քանի որ առաջարկներ կան, սակայն հանդիպումները վերջին շրջանում տեղի չեն ունենում։ Հույս ունենք, որ կառուցողականությունն այնուամենայնիվ կհաղթի և առաջիկայում կունենանք երկարատև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն»,- եզրափակեց Միրզոյանը։

Մանվել Մարգարյան

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին