ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերն իրագործվել են, սակայն որոշ պայմանագրերի հետ կապված խնդիրներ կան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մեր երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի և հիմնված է 2013 թվականի հունիսի 25-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագրի վրա: Գրեթե բոլոր կնքված պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են՝ ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում», - նշել է Կոպիրկինը։
Նա հավելել է, որ Մոսկվան և Երևանը նաև քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նոր համաձայնագրերի կնքումը։
Միևնույն ժամանակ, դեսպանն ընդունել է, որ որոշ պայմանագրերի հետ կապված խնդիրներ կան՝ կապված ռուսական կողմի պարտավորությունների կատարման հետ։
«Որոշ առանձին պայմանագրերի առնչությամբ իսկապես կան հարցեր՝ կապված ռուսական ձեռնարկությունների կողմից պաշտպանական ոլորտում պետական պատվերը կատարելու պարտավորությունների հետ, սակայն դրանք աշխատանքային հարցեր են, որոնք լուծվում են Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան գերատեսչությունների միջև երկխոսության ընթացքում», - ասել է ՌԴ դեսպանը։
Ավելի վաղ Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին չի մատակարարել վճարված գումարի դիմաց սպառազինությունը։ Երևանը հույս է հայտնել, որ այդ հարցը ռուսական կողմի հետ կլուծվի գործընկերային մթնոլորտում։