«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է Հռոմի պապին ուղղված՝ Ադրբեջանի նախագահի նամակին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ արձագանքել է Հռոմի պապին ուղղված Ադրբեջանի նախագահի նամակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Սուրբ ծննդյան կապակցությամբ Հռոմի պապին ուղղված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորական նամակը ծայրագույն զավեշտ է, որով Ադրբեջանի նախագահը վերստին հաստատում է Ադրբեջանում տիրող պետական և համակարգային երեսպաշտությունը։

Նամակում Ադրբեջանի նախագահն Ադրբեջանը բնութագրում է որպես «մի վայր, որտեղ էթնիկ և կրոնական բազմազանությունը պաշտպանված է որպես ազգային հարստություն, որտեղ բոլոր դավանանքների համար ստեղծված են հավասար պայմաններ, և դա աշխարհում բազմամշակութայնության հասցեներից մեկն է»։ Այս վերամբարձ խոսքերը հնչում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց ամիսներ անց, երբ էթնիկ և կրոնական ռասիզմի գերակայության պատճառով ավելի քան 100 հազար մարդ ստիպված եղավ մազապուրծ հեռանալ իր հազարամյա բնօրրանից։

Պարզից էլ պարզ է, որ էթնիկ և կրոնական բազմազանության պաշտպանության մասին քաղաքակիրթ աշխարհի և Ադրբեջանի նախագահի ընկալումներն ու պատկերացումները հիմնավորապես տարբերվում են։ Էթնիկ և կրոնական բազմազանության պաշտպանություն ասելով՝ արդյոք Իլհամ Ալիևը մտաբերո՞ւմ է Հին Ջուղայի գերեզմանատան ոչնչացված խաչքարերը, արդյոք մտաբերո՞ւմ է Բաքվի հայկական եկեղեցին, որի նկատմամբ այժմ էլ իրականացվում է գործառնական և բովանդակային բռնություն, արդյոք մտաբերո՞ւմ է պատմական Գարդմանի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որի կրողները բռնագաղթեցվել են իրենց օրգանական պատմամշակութային միջավայրից։

Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայկական հետքը անխոչընդոտ ջնջելուց, քրիստոնեական արժեքները բացեիբաց ոտնակոխ անելուց հետո ադրբեջանական՝ էթնոֆոբիայի կործանարար ախտով տառապող հասարակությունը դեռ համարձակություն ունի աշխարհի առաջ խոսելու «միջկրոնական ներդաշնակության», «հոգևոր կրոնական ժառանգության և բազմամշակութային արժեքների պահպանության» մասին։ Ադրբեջանի նախագահը վստահեցնում է, որ «քրիստոնեական հավատքի մեր քաղաքացիները սերտորեն մասնակից են երկրի բոլոր ոլորտներին» այն պարագայում, երբ ոչ միայն քրիստոնյա, այլև այլէթնիկ ազգային փոքրամասնությունները մշտապես կրել են ադրբեջանական դժնդակ ռասիզմի ծանրությունը:

«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միությունն իր խնդրանք-ուղերձն է հղում Հռոմի պապին՝ քննական վերաբերվել ադրբեջանական ձեռնածություններին և քրիստոնեական մշակութային արժեքների պաշտպանության ջանքերի մեկտեղման հորդոր ուղղել աշխարհին։ Նման դժվարին ժամանակներում, երբ ամբողջ Լեռնային Ղարաբաղը հայաթափված է, զրկված իր հազարամյա բնակիչներից, Լեռնային Ղարաբաղի ողջ հայկական մշակութային ժառանգության գլխին դամոկլյան սրի պես կախված է ադրբեջանական էթնոցիդի կենդանի վտանգը։ Մշակութային ժառանգության ոչնչացումը անթույլատրելի հանցանք է ոչ միայն հայության, այլև ողջ աշխարհի նկատմամբ»։

Հայերեն Русский

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը

Երևանում Աղի լճում մեկնարկել են բարեկարգման աշխատանքները

Բարիում տեղի կունենա «Նոր Արաքսը և հայերը Բարիում. ազգային և օտարերկրյա մամուլում (1924–1962)» գրքի շնորհանդեսը

Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան

Հոկտեմբերի 19-ը Հրթիռային զորքերի և հրետանու օրն է

Հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

COP17-ի շրջանակում Երևան է ժամանել Պեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին

COP17-ը կարող է կարևոր ներդրում ունենալ Հայաստանի անտառների և կենսաբազմազանության պահպանության գործում․ Գագիկ Սուրենյան

Իսրայելը Սպիտակ տանն ավելի մեծ բարեկամ չի ունեցել. Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Թրամփին աջակցության համար