Տնտեսություն

Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս. նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս. նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն այս պահի դրությամբ գնահատվում է 5.5 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ տնտեսական աճին նպաստող գործոնների մեծամասնությունը արտաքին են: «Եթե փորձենք զտել ներքին ու արտաքին գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա, եթե միջինացնենք տնտեսական արտաքին պայմանները, վերջին 5 տարվա կտրվածքով մեր տնտեսական աճը որքա՞ն կլիներ»,-հարցրեց պատգամավորը:

Ֆինանսների նախարարն ասաց. «Սովորաբար գնահատվում է, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական պոտենցիալը կազմում է 5.5 տոկոս: Այսինքն՝ այս պահի դրությամբ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալը գնահատվում է 5.5 տոկոս: Այս պոտենցիալից են կախված այն կապիտալ ներդրումները, որոնք մենք իրականացնում ենք: Այդ պոտենցիալի մեծությունը կախված է ներդրումներից, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայից և այն բարեփոխումներից, որոնք մենք իրականացնում ենք»:

Հովհաննիսյանը հավելեց՝ կառավարության հիմնական ջանքը պետք է ուղղված լինի այդ պոտենցիալի բարձրացմանը:

Հայաստանի կառավարությունն այս տարի սպասում է առնվազն 7 տոկոս տնտեսական աճ: 2024-ի համար ևս տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում